воскресенье, 26 августа 2012 г.

Մի հասարակ, թափառական...

   Ամառային շոգ երեկո էր: Երկնքից հեռացել էր արեգակը՝ թողնելով նրան լուսնի սպասումով: Երկնային մթությունը պատել էր քաղաքի լուսավորված փողոցները: Ամեն բան նույնն էր, ինչ ամեն սովորական երեկո: Մարդիկ զբոսնում էին քաղաքի փողոցներով, զրուցում, զվարճանում   ու հանգստանում ցերեկվա կիզիչ արևից: Տղաների մի մասը խումբ-խումբ զբոսնում էր՝ բարձրաձայն կատակելով, կատակների մեջ օգտագործելով ոչ պարկեշտ բառեր, ուշադրություն չդարձնելով անցնող կանանց, աղջիկների ու երեխաների վրա: Մի մասը զմայլվում էր մեր նաիրյան աղջիկների հեզաճկուն հետույքներով ու հագեցնում ծարավը երկար գարշելի հայացքներով:
  Քաղաքում շատ հազվադեպ էին լինում փոփոխություններ, ամեն բան հիմնականում նույնն էր: Նույնն էր քաղաքական իրավիճակը, որ նման էր պոռնոգրաֆիկ սյուժեով ֆիլմի, նույնն էին փողոցի թանկարժեք ու հենց նույն զբոսնողների համար ցուցահանդես դարձած խանութ-սրահները, նույնն էին հիմնականում այդ ժամին փողոցում կանգնած մարմնավաճառները, որոնց ներկայությունը շատերի  զբոսանքը դարձնում էր տհաճ:
  Սակայն այդ օրն առանձնանում էր մնացած նման օրերից Նրա համար: Նա արդեն զզվել էր այդ ամենից: Քայլում էր փողոցով ու ուշադիր զննում ամենքին՝ փորձելով ներթափանցել յուրաքանչյուրի մտքերի խորքը ու հասկանալ ամենքին: Նա քայլում էր, նայում էր բոլորին, միևնույն ժամանակ վախենում ու փախչում անծանոթ ու տարօրինակ հայացքներից: Նա չգիտեր՝ ուր էր գնում և ինչի համար, ուղղակի քայլում էր ամեն օրվա նման իր սիրելի ու գեղեցիկ փողոցով, որը լի էր տհաճ ու բռի մարդկային էակներով: Նա չէր սիրում կատուներին և ամեն անգամ նրանց տեսնելիս վախեցնում էր ու քշում հեռու: Ահա նրա առջև հայտնվեց մի մեծ, գեր սև կատու, նա ցանկացավ անել այն, ինչ միշտ էր անում, սակայն նայելով շուրջը՝ ամաչեց հասարակական կարծիքից ու շարունակեց ճանապարհը: Մի քանի քայլ անցնելով տեսավ մի աղջկա և մի տղայի, որոնք փողոցում բոլորի ներկայությամբ վիճում էին իրար հետ: Այնուհետև տղան բղավեց և ապտակեց աղջկան մարդկանց ներկայությամբ, որոնք արդեն չռել էին իրենց աչքերը՝ նյութ հավաքելով բամբասկոտ բերանների բացման համար:  Եվ նա, այդ ամենը տեսնելով, հանկարծ հիշեց այն մեծ, գեր, զզվելի կատվին, որին չվախեցրեց՝ ամաչելով հասարակական կարծիքից, համեմատեց այդ ապտակ ստացած աղջկա հետ, իսկ իրեն էլ՝ ապտակողի հետ: Մինչ նա մտածում էր հասկանալու համար այդ անշնորհք ու ստորացուցիչ արարքը, որ մարդկային չէր և սազական չէր նույնիսկ կենդանական բնազդով առաջնորդվող էակներին, զգաց, որ կանգնած է փողոցի մեջտեղում ու բոլորը, նրան հրելով և իր վրա ուշադրություն չդարձնելով, շարունակում են իրենց զբոսանքը: Մտքերը ցրելու համար շարունակեց քայլել: Հոգնեց,  մտավ  մոտակա այգին, որպեսզի նստի կանաչ խոտածածկի վրա ու զմայլվի աստղալից երկնքով, որի մասին կարծես մոռացել էին բոլորը: Նրա մոտ զգացում էր, որ այդ երկինքը միայն իրենն է այդ պահին: Հասավ  երանելի խոտածածկին, արդեն ցանկանում էր նստել, երբ այդ պահին իր մոր հետ զբոսնող մի երիտասարդ շրջվեց և թքեց հենց այնտեղ, ուր ինքը ցանկանում էր նստել: Նայեց մորը, հետո որդուն և մոռացավ նստելու մասին:
 Նա զայրացել էր. մանրուքները, որոնք շատերի համար աննկատելի են և սովորական այդ պահին, դարձել էին մեծ խնդիրներ, որոնք, կուտակվելով իր մտքերում ու խառնվելով իրար, նրա ուղեղում ծնել էին քաոս: Բոլորից նեղացած, արդեն զզվանքի վերափոխված զգացումով լի Նա քայլում էր՝ արդեն չնայելով ոչ-ոքի: Այդպես, Նա դեռ երկար քայլեց՝ չկարողանալով հասկանալ մարդկային, նույնիսկ այդ փոքրիկ չարություններն ու նողկալի արարքները՝ չմտածելով սպանության, գողության, դավաճանության ու էլ ավելի խորը ու զզվելի երևույթների  մասին:
  Վերջապես լուսինն էլ լքեց երկնակամարը, արեգակն արդեն կամաց գալիս էր իշխանության: Չնայած նրան, որ ամառ էր,  օդը սառն էր և ակամա դող էր ընկնում մարմնում: Փողոցով անցնում էին փողոցները լվացող ջրի մեքենաները, որոնք առատ ջուր էին շփում ասվալտին: Հանկարծ այդ մեքենաներից մեկը կտրուկ արգելակեց, մեքենայից իջավ մի տարեց մարդ, որ կանգ էր առել՝ փողոցի մեջտեղում տեսնելով ինչ-որ սև բան: Նա մոտեցավ,  կռացավ և  սարսռեց.  Նա էր՝ վրաերթի ենթարկված մի հասարակ փողոցային շուն:

Комментариев нет:

Отправить комментарий