воскресенье, 14 октября 2012 г.

Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից:

  Ժողավրդավարությունը ժողովրդի կամքով ձևավորվող և նրա շահերը պաշտպանող իշխանության համակարգ է: Հանրապետության կամ իշխանության տերը ժողովուրդն է, որը որոշակի ժամկետով ընտրում է իր ներկայացուցիչներին՝ երկիրը կառավարելու համար: Ժողովրդավարությունը ենթադրում է ժողովրդի գերիշխանությունը պետության վրա: Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված ժողովրդավարական նորմերն արդյունավետ են կիրառվում, եթե հասարակական գիտակցությունը ժողովրդավարական է. հասարակությունը ժողովրդավարությունը ըմբռնում է որպես արժեք և գործում դրա պահանջներին և սկզբունքներին համապատասխան: 
  Սա ժողովրդավարություն կոչված գաղափարախոսության չափազանց համառոտ նկարագիրն է: Այս նկարագրում նշված պահանջներին ու սկզբունքներին պետք է համապատասխանի յուրաքանչյուր ժողովրդավարական պետություն, որպեսզի իրավունք ունենա կրելու այդ, կարելի է ասել, կոչումը: Հայաստանի Հանրապետությունը նույնպես պատկանում է այդ պետությունների շարքին: Սակայն հիմա փորձենք հասկանալ, թե մեր հանրապետությունը իրոք ժողովրդավարական է, իրոք մեր իշխանությունը ձևավորվել է ժողովրդի կամքով, իրոք մեր ժողովուրդը ըմբռնում է ժողովրդավարությունը՝ որպես արժեք: 
  Արդեն հասկացանք, թե ինչ ասել է ժողովրդավարություն: 2012 թվականի մայիսի 6-ին կայացան ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների ընտրությունները, սա ժողովրդավարական պետությանը հատուկ կարգ է, երբ ԱԺ պատգամավորներին, կուսակցություններին ընտրում է ժողովուրդը: Ընտրությունները ժողովրդավարական պետություններում պետք է ընթանան առանց կաշառքների, առանց անձի հանդեպ ֆիզիկական, հոգեբանական, բարոյական ճնշումների և առանց այլ գործոնների, որոնք կստիպեն ընտրողին ընտրել հակառակ իր կամքին, քաղաքական հայացքներին և խղճին: 2012 թվականի ԱԺ ընտրությունների ընդհանուր պատկերն ուսումնասիրելով՝ կարելի է գալ մի քանի համոզիչ եզրահանգումների.

  • ընտրությունների ժամանակ ժողովրդին բաժանվել է ընտրակաշառք: Այդ մասին վկայում են մի շարք տեսագրություններ և անհատների խոստովանություններ:
  • ՀՀ մի շարք ընտրատարածքներում գրանցվել են լցոնումների դեպքեր:
  • գրանցվել են դեպքեր, երբ ընտրախցիկում են եղել միանգամից  2 և ավելի անձինք:

Ընտրախցիկում միանգամից 2 անձիք են հայտնվել, որոնցից մեկը ցույց է տալիս՝ ում պետք է ընտրել:


  Սկզբում կզարմանաք, երբ տեսնեք հասակակիցների, որոնք համոզում էին լրագրողին, թե մայր ու որդի են, իսկ վերջում համոզված եմ կապշեք, երբ ձեր էկրաններին հայտնվի պատահական ծնված մեր հայրենակիցներից մեկը: Համ էլ ձեռքի հետ ազգիս մակարդակն է երևում:





  Ինչպես ասում են՝ это еще цветочки, ու մնացած ընտրախախտումների, մարդկային արժեքների ոտնահարումների  մասին խոսելն անգամ ավելորդ է հիմա, քանի որ այլ բան է, որ հիմա հուզում է ինձ և կցանկանայի, որ հուզեր նաև հենց քեզ: Հիմա ո՛չ ժամանակն է խոսելու այն ամենի մասին, ինչ եղել է նախորդ բոլոր նախագահական ու ԱԺ ընտրություններին, և, առավել ևս, ո՛չ էլ դրա կարիքը կա: Պետք է մտածել այդ ամենը ապագայում վերացնելու մասին, իսկ այդ ամենը վերացնելու համար պետք է հասկանալ՝ արդյոք մեր հասարակությունը ըմբռնում է ժողովրդավարությունը որպես արժեք և գործում դրա սկզբունքներին համապատասխան:


 Հայ հասարակություն՝ տարօրինակ ու տարակարծիք խմբերից կազմված, սակայն սակավաթիվ: Հասարակություն, որի գերակշռող մասը պատկերացում անգամ չունի, թե ինչ է իրականում ժողովրդավարությունը: Հասարակություն, որի մեծամասնությունը խախտում է նույնիսկ երթևեկության կանոնները, որի գերակշռող մասը ընտրում է ընտրակաշառքի ցանկությամբ, որի մեծ մասը ... էլ ինչ շարունակեմ, երբ այնքան շատ են փաստերը, որոնք վկայում են, որ մեր հասարակությունը չի ըմբռնում ժողովդավարություն ասածը: Մենք անցնում ենք փողոցները կարմիր լույսի ժամանակ, մենք սիգարետի մնացորդը գցում ենք, ուր պատահի, մեր երիտասարդության մեծ մասը մոռացել է ինչ բան է գիրքը... Հիմա կասեք՝ ինչ կապ ունեն այս մանրուքները այդքան մեծ գաղափարի հետ: Յուրաքանչյուր մեծ խնդիր առաջանում է մանր ու ոչ կարևոր խնդիրների սխալ լուծումների կամ ընդհանրապես անտեսման հետևանքով: Երբ մեր հասարակության գերակշռող մասը սովորի, կարդա, սիգարետի մնացորդը չգցի մայթին, չհայհոյի որտեղ պատահի, չվերցնի ընտրակաշառք կամ ուղղակի մոռանա կաշառք ասվածի մասին ու վերջապես հասկանա, որ նա ապրում է մի երկրում, ուր ինքը պետք է ընտրի իրեն հարմար պայմանները ապրելու համար, այդ ժամանակ միայն կստեղծվի հնարավորություն, կծնվի հույս, որ այս հասարակությունն ի վիճակի է ստեղծել ժողովրդավարական հանրապետություն: Հանրապետությունում կատարվելիք յուրաքանչյուր քաղաքական ու հասարակական գործընթաց պետք է կատարվի բացառապես ժողովրդի ցանկությամբ, այդ է ժողովրդավարության հիմնական նպատակը, և դա հնարավոր է իրագործել միայն առողջ հասարակության և այդ հասարակության համախմբման շնորհիվ:
                                                 
           
                                                        ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՔԵԶՆԻՑ:


                                                                                                                                Հեղինակ՝  ԱրթՀով:

Комментариев нет:

Отправить комментарий