пятница, 5 октября 2012 г.

Նախագահական ընտրություններ-2013 ու ուրիշ ինչ կա:

  Այս աշխարհի չհրավիրված հյուրերի ստեղծած անարդարությունների ու դավաճանությունների հետևանքով ծնված, քչերին տեսանելի տաղտկալի ու նողկալի իրակունությունը ողջունում է ինձ ամեն առավոտ՝ արևի պայծառ ու անկրկնելի շողերի ներքո: Անհասկանալի ու խառը նախադասությամբ եմ ուզում սկսել մի թեմա, որն ինքնին անհասկանալի ու առավել ևս ոչ պարզ նկարագրություն ունի: 

Հայաստանի հանրապետության նախագահական ընտրություններ: Դեռ իմաստալից ու անհեթեթ իրադարձություններով լի հինգ ամիս կա մինչ այդ, շատերի համար երանելի օրվա գալուստը(Գալուստ Սահակյանի հետ կապ չունեցող նախադասություն): Շատերի համար երանելի ու սպասված, քանի որ այդ օրը նամուսով մեր հայ ազգը միաժամանակ կստանա երանելի ու սպասված աշխատավարձը(10,000 ՀՀ դրամ կամ միգուցե և ավելի, չէ որ, վերջիվերջո մեջտեղում կա նախագահ բառը) : Դեռ չի անցել վիրավորանքը, միգուցե և նողկանքը, կապված մայիսի վեցի խորհրդարանական ընտրությունների հետ, և արդեն պետք է պատրաստվել նոր վիրավորանքների ու խայտառակությունների, որովհետև դժվար թե տաս ամսում փոխվի այն ամենն ինչ չի փոխվել քսան տարում: Չէ որ, քսան տարի է մենք նոր զարգացող ու երիտասարդ անկախ, ժողովրդավարական պետություն ենք, չնայած նրան, որ մեր մայրաքաղաքն ու մեր ամբողջ ազգը մեծ է հնամայա Հռոմից 29 տարով, չնայած նրան, որ ԽՍՀՄ կազմում մոտ յոթանասուն տարի մեր երկիրը տնտեսական աճ է ապրել, չնայած նրան, որ Ադրբեջանի հետ պատերազմից հետո ծնվեցին հարյուրավոր միլիոնատերեր ու օլիգարխներ, միևնույնն է մեր ազգի 70% աղքատ է ու մեր երկրում նույնիսկ Արտաքին գործերի նախարարության շենքն է արդեն վաճառվել, որովհետև հյուրանոցները քչություն էին անում: Թեմայից չշեղվելու համար փորձեմ հասկանալ Հայաստանի հանրապետության ներկայիս քաղաքական իրավիճակը: Օգտագործում եմ հասկանալ և ոչ պարզել կամ ուսումնասիրել բառերը, որովհետև մեր քաղաքականությունը նախ պետք է հասկանալ , որովհետև առանց դրա հաստատ ամեն ինչ անհասկանալի ու առեղծվածային կթվա: Քանզի միայն մեր երկրում են լինում դեպքեր, երբ ԱԺ-ն պաշտպանում է մի բարեգործական հիմնադրամի շահերը "Սիվիլիթաս" անունով, իսկ տվյալ հիմնադրամի աշխատակիցները նույն պահին բողոքի ակցիա են կազմակերպում ԱԺ-ի շենքի դիմաց՝ նիստը դադարեցնելու կապակցությամբ: Այստեղ կամ մեր երկրի ԱԺ-ում ինչ-որ մեկն իր տեղում չէ(ինչը մեր ամբողջ ազգի, բայց սուբյեկտիվ կարծիքով ավելի մոտ է իրականությանը), կամ "Սիվիլիթաս" հիմնադրամի աշխատակիցներն եմ պարապ մնացել ու եկել ԱԺ-շենքի դիմաց, որ տեսնեն ինչ կա չկա, ինչպես մի խումբ, ընդունելության քննություններից հաստատ կտրվող, երիտասարդներ նշեցին, որոնք ընդհանրապես կապ չունեցող բողոքի ակցիայի հետ "Գագիկ Ծառուկյան մենք քեզ հետ ենք" պաստառով միացել էին բողոքի ակցիային: Լրագրողի հարցին, թե որն է ձեր այստեղ գտնվելու պատճառը, ժառգոնով (պատիտակերեն) խոսող հայ ազգի ներկայացուցիչը, որ հանդիսանում էր պաստառաբռնիչ երիտասարդների խմբի անդամ, պատասխանեց.

- Դե եսիմ էկել ենք տենանք ինչա էղել ստե, որ սենց հավքվել են:

   Կներեք թեմայից շեղվելու համար: 
   Շարունակելով 2013 թվականի նախագահական ընտրությունների թեման, փորձենք հասկանալ, թե ովքեր կարող են առաջադրել իրենց թեկնածությունը գալիք ընտրություններում: Առանց որևէ կասկածի, առաջիններից մեկը դա Հայաստանի հանրապետության գործող նախագահ Սերժ Ազատի Սարգսյանն է: Առանց կասկածի եմ ասում, որովհետև վերջերս իմ կասկածները հաստատեց ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով Արմնյուզ հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց.

- ՀՀԿ-ն հաստատ ունենալու ա թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններում, և այդ թեկնածուն ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, որը ֆավորիտն է, և կարծում եմ բոլոր մնացած թեկնածուները ովքեր, որ կառաջադրեն իրանց թեկնածությունները կհասկանան, որ պայքարելու են պատվավոր երկրորդ տեղի համար:

Կարծում եմ այս խոսքերից հետո այլևս հարկ չկա կասկածելու և հանգիստ կարող ենք ասել, որ թեկնածուներից մեկը Սերժ Սարգսյանն է: Հաջորդ քաղաքական գործիչը Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է, ով իր հոկտեմբերի մեկին տված մամուլի ասուլիսում ասաց, որ դեռ հստակ չգիտի կդնի իր թեկնածությունը, թե ոչ: Ինչպես նշվեց, պատվավոր երկրորդ տեղի համար պայքարող քաղաքական գործիչները դեռ կբարձրաձայնեն իրենց որոշման մասին, իսկ մինչ այդ իրադարձությունը հասկանանք, թե ինչ է   փոխվել մեր երկրում նախորդ նախագահական ընտրություններից հետո: Չի փոխվել այն,  որ չեն բացահայտվել մարտի 1-ի դեպքերը... կներեք ես պետք է ասեի, թե ինչ է փոխվել: 

  • Այս  շուտով հինգ տարիների ընթացքում ընդունվեց օրենք, ըստ որի ԱԺ պատգամավորները չպետք է զբաղվեն բիզնեսով: Ի դեպ հենց այդ օրենքի ընդունումից հետո պարզ դարձավ, որ ՀՀԿ անդամ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կնոջը, հենց այդ օրենքի ընդունումից հետո, պատկանող ՞Ալեքս Գրիգ՞ ՍՊԸ-ն, ՞Մոկոնատ՞ ՍՊԸ-ի, ՞Մուշ՞ ՍՊԸ-ի, ՞Արմեն և Համիկ եղբայրներ՞ ՍՊԸ-ի, ՞ՈՒնիվերսամ Ավան՞ ՍՊԸ-ի և ՞ՍՍՄ Սեր Գրուպ՞ ՍՊԸ-ի հետ միասին Հնդկաստանից Հայաստան են ներկրել 5820 տոննա գոմեշի միս, որը դեռ պարզ չէ, թե ինչ ճանապարհով է իրացվել (այս ամենն ուղղակի, որ իմանաք, ինչպես տուժեց Սամվել Ալեքսանյանի կինը այդ օրենքի ընդունման պատճառով): 
  • Նվազագույն աշխատավարձը բարձրացավ 2500 դրամով: 
  • Վաճառվեց ԱԳՆ շենքը, հյուրանոց դառնալու նպատակով:
  • Պարզվեց, որ Սամվել Ալեքսանյանը ոմանց համար աստված է Մալաթիա-Սեբաստիա համայնքում:
  • Մի շարք ոչ կարևոր ու բան չփոխող իրադարձություններ:
  • ԱԺ-ի որոշմամբ ԱԺ-ի համար գնվեցին 131 հատ նոր նոթբուքեր, որովհետև, ինչպես ասաց ՀՀԿ անդամ Գալուստ Սահակյանը.

  -  Հների էկրանները մեծ էին դեմներս չէր երևում:

Ինչպես տեսնում ու զգում ենք շոշափելի փոփոխությունները շատ չեն: Երևի դա նրանից է, որ մենք դեռ նոր, մի քսան տարի է, որ անկախ ենք ու դեռ ժամանակ է անհրաժեշտ կայունանալու և զարգանալու համար: Իսկ ինչ վերաբերում է այն թեմային, ինչից ծնվեցին մնացյալ բոլոր թեմաներն այս հոդվածում, կասեմ, որ...  ուֆֆֆֆֆֆֆ դե Գալուստ Սահակյանը նենց բան ասեց, որ էլ ասելս էլ չի գալիս: Սպասենք նոր իրադարձությունների: 


                                         
                                                                                                                                 Հեղինակ՝ Արթ Հով:

Комментариев нет:

Отправить комментарий