суббота, 27 июля 2013 г.

Կորած Հայաստան

Ու նորից ծնվեց առավոտը,
Ու սկսվեց նոր օրը նորից:
Նման չէ երեկվան այս օրը,
Այս օրը ուրիշ է նորից;
Ուրիշ են բոլորը միշտ,
Նման իրար ու տարբեր բոլորից:
Ու կոչում են բոլորիդ մարդ,
Բայց շատերի անունը ինչու՞ է հենց մարդ:
Ես տեսնում եմ ամեն օր բոլորին,
Իսկ բոլորը կտեսնե՞ն ինձ մի օր:
Տեսնում եմ նաև ես շներին՝
Թափառող, կեղտոտ բայց բարի:
Ու տեսնում եմ և ձեզ մարդկանց՝
Գեղեցիկ, կոկիկ բայց տականք:
Այս առավոտ էլ տեսա տականքին:
Տեսա քեզ խաբող այս ազգին:
Այս ազգն իրեն հայ է կոչել,
Դարեր առաջ տականք է ծնել:
Ու սերունդներով եկած այդ տականքը
հիշեցնում է ինձ այս առավոտ նորից,
Որ տականքի անունն էլ է մարդ,
Ու ապրում է նա բոլորիս կյանքում,
Ապրում է այնտեղ ուր ապրում ես և դու.
Ու շնչում է նույն օդը ինչ դու,
Ու ապրում է տանիքի տակ նույն,
Իսկ այդ տանիքը պաշտպանն է քո տան,
Միթե՞ դա դու ես կորած Հայաստան:
Կորել ես դու թշվառների ձեռքում,
Ուզում եմ կոչեմ քեզ իմ տուն.
Ցավոք տան տերներն այլ կերպ են ուզում:
Հենց այդ տերերն են տականքը ազգի՝
Եկած դժոխքից, արնախում սատանի:
Ու խմում են արյունը ազգի,
Իսկ դու հա՛յ, այդպես մի լռի՛:
Չլռե՛ս երբեք, երբեք չլռե՛ս,
Երբ կողքինիդ արյունը տեսնես,
Արյուն, որ թափել է տականքդ ազգի,
Ում ծնեցիր հենց դու
Բայց խնդրում եմ, էլ մի լռի:
Նման եք իրար բլորորդ այսօր.
Բոլորդ լուռ, լուռ ու գլխիկոր,
Բայց կծնվի քո մեջ վաղը
Ահը տականքի ու կանցնի վախը:
Ու կհաղթի ազգս տականքին,
Ու կհաղթի ազգս տականքին:
Ու նորից ծնվեց առավոտը,
Ու սկսվեց նոր օրը նորից:
Նման չէ երեկվան այս օրը,
Այս օրը ուրիշ է նորից:

Անհայտ հեղինակ


воскресенье, 14 октября 2012 г.

Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից:

  Ժողավրդավարությունը ժողովրդի կամքով ձևավորվող և նրա շահերը պաշտպանող իշխանության համակարգ է: Հանրապետության կամ իշխանության տերը ժողովուրդն է, որը որոշակի ժամկետով ընտրում է իր ներկայացուցիչներին՝ երկիրը կառավարելու համար: Ժողովրդավարությունը ենթադրում է ժողովրդի գերիշխանությունը պետության վրա: Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված ժողովրդավարական նորմերն արդյունավետ են կիրառվում, եթե հասարակական գիտակցությունը ժողովրդավարական է. հասարակությունը ժողովրդավարությունը ըմբռնում է որպես արժեք և գործում դրա պահանջներին և սկզբունքներին համապատասխան: 
  Սա ժողովրդավարություն կոչված գաղափարախոսության չափազանց համառոտ նկարագիրն է: Այս նկարագրում նշված պահանջներին ու սկզբունքներին պետք է համապատասխանի յուրաքանչյուր ժողովրդավարական պետություն, որպեսզի իրավունք ունենա կրելու այդ, կարելի է ասել, կոչումը: Հայաստանի Հանրապետությունը նույնպես պատկանում է այդ պետությունների շարքին: Սակայն հիմա փորձենք հասկանալ, թե մեր հանրապետությունը իրոք ժողովրդավարական է, իրոք մեր իշխանությունը ձևավորվել է ժողովրդի կամքով, իրոք մեր ժողովուրդը ըմբռնում է ժողովրդավարությունը՝ որպես արժեք: 
  Արդեն հասկացանք, թե ինչ ասել է ժողովրդավարություն: 2012 թվականի մայիսի 6-ին կայացան ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների ընտրությունները, սա ժողովրդավարական պետությանը հատուկ կարգ է, երբ ԱԺ պատգամավորներին, կուսակցություններին ընտրում է ժողովուրդը: Ընտրությունները ժողովրդավարական պետություններում պետք է ընթանան առանց կաշառքների, առանց անձի հանդեպ ֆիզիկական, հոգեբանական, բարոյական ճնշումների և առանց այլ գործոնների, որոնք կստիպեն ընտրողին ընտրել հակառակ իր կամքին, քաղաքական հայացքներին և խղճին: 2012 թվականի ԱԺ ընտրությունների ընդհանուր պատկերն ուսումնասիրելով՝ կարելի է գալ մի քանի համոզիչ եզրահանգումների.

  • ընտրությունների ժամանակ ժողովրդին բաժանվել է ընտրակաշառք: Այդ մասին վկայում են մի շարք տեսագրություններ և անհատների խոստովանություններ:
  • ՀՀ մի շարք ընտրատարածքներում գրանցվել են լցոնումների դեպքեր:
  • գրանցվել են դեպքեր, երբ ընտրախցիկում են եղել միանգամից  2 և ավելի անձինք:

Ընտրախցիկում միանգամից 2 անձիք են հայտնվել, որոնցից մեկը ցույց է տալիս՝ ում պետք է ընտրել:


  Սկզբում կզարմանաք, երբ տեսնեք հասակակիցների, որոնք համոզում էին լրագրողին, թե մայր ու որդի են, իսկ վերջում համոզված եմ կապշեք, երբ ձեր էկրաններին հայտնվի պատահական ծնված մեր հայրենակիցներից մեկը: Համ էլ ձեռքի հետ ազգիս մակարդակն է երևում:





  Ինչպես ասում են՝ это еще цветочки, ու մնացած ընտրախախտումների, մարդկային արժեքների ոտնահարումների  մասին խոսելն անգամ ավելորդ է հիմա, քանի որ այլ բան է, որ հիմա հուզում է ինձ և կցանկանայի, որ հուզեր նաև հենց քեզ: Հիմա ո՛չ ժամանակն է խոսելու այն ամենի մասին, ինչ եղել է նախորդ բոլոր նախագահական ու ԱԺ ընտրություններին, և, առավել ևս, ո՛չ էլ դրա կարիքը կա: Պետք է մտածել այդ ամենը ապագայում վերացնելու մասին, իսկ այդ ամենը վերացնելու համար պետք է հասկանալ՝ արդյոք մեր հասարակությունը ըմբռնում է ժողովրդավարությունը որպես արժեք և գործում դրա սկզբունքներին համապատասխան:


 Հայ հասարակություն՝ տարօրինակ ու տարակարծիք խմբերից կազմված, սակայն սակավաթիվ: Հասարակություն, որի գերակշռող մասը պատկերացում անգամ չունի, թե ինչ է իրականում ժողովրդավարությունը: Հասարակություն, որի մեծամասնությունը խախտում է նույնիսկ երթևեկության կանոնները, որի գերակշռող մասը ընտրում է ընտրակաշառքի ցանկությամբ, որի մեծ մասը ... էլ ինչ շարունակեմ, երբ այնքան շատ են փաստերը, որոնք վկայում են, որ մեր հասարակությունը չի ըմբռնում ժողովդավարություն ասածը: Մենք անցնում ենք փողոցները կարմիր լույսի ժամանակ, մենք սիգարետի մնացորդը գցում ենք, ուր պատահի, մեր երիտասարդության մեծ մասը մոռացել է ինչ բան է գիրքը... Հիմա կասեք՝ ինչ կապ ունեն այս մանրուքները այդքան մեծ գաղափարի հետ: Յուրաքանչյուր մեծ խնդիր առաջանում է մանր ու ոչ կարևոր խնդիրների սխալ լուծումների կամ ընդհանրապես անտեսման հետևանքով: Երբ մեր հասարակության գերակշռող մասը սովորի, կարդա, սիգարետի մնացորդը չգցի մայթին, չհայհոյի որտեղ պատահի, չվերցնի ընտրակաշառք կամ ուղղակի մոռանա կաշառք ասվածի մասին ու վերջապես հասկանա, որ նա ապրում է մի երկրում, ուր ինքը պետք է ընտրի իրեն հարմար պայմանները ապրելու համար, այդ ժամանակ միայն կստեղծվի հնարավորություն, կծնվի հույս, որ այս հասարակությունն ի վիճակի է ստեղծել ժողովրդավարական հանրապետություն: Հանրապետությունում կատարվելիք յուրաքանչյուր քաղաքական ու հասարակական գործընթաց պետք է կատարվի բացառապես ժողովրդի ցանկությամբ, այդ է ժողովրդավարության հիմնական նպատակը, և դա հնարավոր է իրագործել միայն առողջ հասարակության և այդ հասարակության համախմբման շնորհիվ:
                                                 
           
                                                        ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՔԵԶՆԻՑ:


                                                                                                                                Հեղինակ՝  ԱրթՀով:

вторник, 9 октября 2012 г.

ՀՀ արտաքին քաղաքականությունն ու դրա հետևանքները


   Մեծամասամբ պետությունների արտաքին քաղաքականությունն ուղղված է երկրի արտաքին անվտանգության ամրապնդմանը, միջազգային ասպարեզում դիրքորոշումների ներկայացմանը, արտերկրում հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ և գործընկեր պետությունների հետ հարաբերությաունների առավել ամրապնդմանը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների կարգավորմանն ու համագործակցային մթնոլորտի ձևավորմանը: 
  Սա սահմանումն էր արտաքին քաղաքականություն ասվածի: Այսօր ոչ մի պետություն առանց որևէ պետության հետ համագործակցելու դժվար թե կարողանար կայուն տնտեսական, քաղաքական, հասարակական մթնոլորտ ստեղծել երկրում և զարգանալ: Գտնվելով 21-րդ դարում՝ մենք ապրում ենք նախնադարյան ցեղախմբերի սկզբունքներով. զարգանում ու գոյատևում ենք միմյանց օգնելով: Փոխանակում ենք այն ամենը, ինչ մեզ պետք չէ այն ամենի հետ, ինչ մեզ պետք է, և նույնիսկ վաճառում ենք այն ամենը, ինչ մեզ պետք չէ (շատ դեպքերում նաև այն, ինչ պետք է) և գնում ենք այն, ինչ պետք է:  Արտաքին քաղաքականության հետևանքներից մեկն է, որ շատ պետություններ (օրինակ՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, ինչու ոչ Վրաստանը, ոչ բարով մեր հարևան Թուրքիան, Մալթան և այլն) իրենց բյուջեի մի մասը գոյացնում են  տուրիզմի զարգացման շնորհիվ: Պատկերացրե՛ք՝ եթե  այդ պետություններից որևէ մեկը խզեր իր արտաքին կապերը բոլորի հետ և փակեր սահմանները, ապա այդ երկրում ուղղակի ժամանակը կանգ կառներ, իսկ <<տուրիզմ>> ասվածն ուղղակի կվերանար բառարաններից: 
ՎԱՃԱՌՎԱԾ Է (51 միլիոն դոլլար)
  Հայաստանի <<ժողովրդավարական>> Հանրապետությունը նույնպես առաջնորդվում է արտաքին քաղաքականության սահմանման սկզբունքներով, իսկ ինչ վերաբերում է տուրիզմին, ապա այն մեզ մոտ փորձում է մտնել զարգացման փուլ: ՀՀ-ն իր պատմության ողջ ընթացքում շրջապատված է եղել ոչ բարի հարևաններով: ՀՀ-ի սահմանակից երկրներն են Պարսկաստանը, Վրաստանը, Էտ-էտ-էտ Ադրբեջանը ու ոչ բարով Թուրքիան: Սրանցից միայն Պարսկաստանի ու Վրաստանի հետ ՀՀ-ն ունի բարիդրացիական հարաբերություններ: Այդ հարաբերությունների բարիդրացիական լինելը առավել արտահայտիչ է դառնում վրացիների համար ամռանը ծավափնյա շրջաններում, իսկ պարսիկների համարել այդ հարաբերությունները բարիդրացիական են տարվա բոլոր եղանակներին հիմնականում Երևանում: Իսկ ահա Ադրբեջանի և Հայաստանի միջև բարիդրացիական բառն անգամ չի կարող լինել: Այս երկու պետությունների հակամարտության պատճառը Ղարաբաղյան հիմնախնդիրն է: Այն ծագել է 1991 թվականին, երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել՝ խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որ բերեց հազարավոր զոհերի ու զգալի նյութական կորուստների: 1994 թվականին Ռուսաստանի միջնորդությամբ կնքվեց եռակողմ (Հայաստան, ԼՂ, Ադրբեջան) զինադադար: Սակայն Ադրբեջանի կողմից բազմաթիվ անգամ խախտվել են զինադադարի կետերը, դրա վկայությունն է սահմանամերձ գոտիներում կրակոցները, որոնք ավարտվել են մեր հայ զինծառայողների ցավալի մահվամբ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը ՀՀ կառավարության համար կարևորագույն խնդիրներից է,  և նրանք ամեն ինչ անում են, որպեսզի արտասահմանյան պետական կառույցների միջնորդությամբ խաղաղ պայմաններում լուծելի դարձնեն այս խնդիրը: ՀՀ-ի մյուս հարևան՝ Թուրքիայի հետ հակամարտությունն ունի ավելի վաղ ծագում: 1915 թվականին Օսմանյան կայսրությունում ներկայիս թուրքերի պապերը իրագործել են հայ ժողովրդի կոտորած: Մինչ այսօր թուրքական կառավարությունը չի ընդունում ցեղասպանությունը, չնայած նրան, որ մի շարք երկրներ (Ֆրանսիա, Շվեցարիա, Դանիա, Արգենտինա և շատ այլ երկրներ)  այդ ամենը բնորոշել են՝ որպես հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ: Եվ այս ամենի հետևանքով մենք այսօր Թուրքիայի հետ չունենք համագործակցության ոչ մի եզր և ոչ էլ որևէ դիվանագիտական կապեր, դրա պատճառը նաև այն է, որ Թուրքիան վարում է հակահայկական քարոզչության քաղաքականություն:
 Հիմա պատկերացրեք` եթե Հայաստանը չունենար ոչ մի հարաբերություն արտաքին աշխարհի հետ, կլիներ այն, որ ուղղակի իր` ոչ բարենպաստ աշխարհագրական դիրքի պատճառով Հայաստանը ժողավրդավարական Հանրապետությունից կվերածվեր <<Հայաստանի ժողովրդական Հանրապետության>>: Ուստի ՀՀ-ն ամեն կերպ ավելի է բարելավում իր` բարեկամ ու գործընկեր պետությունների հետ հարաբերությունները՝ սեփական երկրի ապահովության ու զարգացման նկատառումներով: Այդ հարաբերությունների պահպանման և բարելավման հիմնական նախապայմաններից է տվյալ երկրներում ՀՀ դեսպանատների ու հյուպատոսություններ առկայությունը: Այսօր ՀՀ-ն (ԱԳՆ պաշտոնական կայքի տվյալներով) աշխարհի մոտ 200 երկրներում ունի 77 դեսպանատներ և 28 հյուպատոսություններ: Սակայն Հայաստանի բյուջեի նիհար լինելու պատճառով կան մի քանի դեսպանատներ, որոնք գտնվելով մեկ երկրում, ՀՀ-ի շահերը ներկայացնում են միանգամից մի քանի երկրներում: Դրանցից մեկը Հունգարիայի հայկական դեսպանատունն է, որի գտնվելու վայրը Ավստրաիայի մայրաքաղաք Վիաեննան է: Այս փաստը քննադատության ենթարկվեց, երբ Հունգարիայի տարածքում ադրբեջանցի ոճրագործ Սաֆարովը կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Այդ դեպքից հետո Հունգարիայի կառավարությունը ոճրագորցին հանձնեց Ադրբեջանին, իսկ Ադրբեջանն էլ իր հերթին, ևս մեկ անգամ ցուցադրելով իր անմարդկային էությունը, հերոսացրեց դրան: Այս դեպքի կապակցությամբ Հունգարիայի պատվիրակ Վիլմես Սզաբոն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի իր ելույթում ասաց.
  - Հունգարիան արտաքին քաղաքական սխալ որոշում կայացրեց, երբ որոշեց արտահանձնել հունգարական հողի վրա հային սպանած ազերիին Ադրբեջանին:
   Խոսեցի հիմնախնդիրներից, սակայն Հայաստանն իր արտաքին քաղաքականության միջոցով փորձում է նաև լուծել իր տնտեսական աճի ապահովման ու զարգացման խնդիրները: Այսօր ՀՀ տնտեսությունը մեծապես առաջընթաց է ապրում արտերկրյա ներդրումների շնորհիվ: Երկրում գործող մի շարք գործարաններ, բազմաբնույթ ընկերություններ, որոնց մի մասը զբաղվում է արտադրությամբ, մի մասը վերամշակմամբ, մի մասը ծառայությունների մատուցմամբ և այլն, պատկանում են օտարերկրացիներին, որոնք ներդրում են կատարել կամ, կոպիտ ասած, գնել են այդ ամենը: Դրա շնորհիվ մեր տնտեսությությունը զարգանում ու ծաղկում է, և դրա հետևանքող շատանում է արտերկրյա ազդեցությունը մեր երկրի ներքաղաքական կյանքում, և թուլանում է ինքնիշխանությունը: Ներդրումների թվի գիրանալը պայմանավորված է ՀՀ-ի բյուջեի թվի նիհարելով: Ու այդ խնդրի լուծումն էլ, իմ սուբյեկտիվ կարծիքով, պետք է դառնա հիմնախնդիրներից մեկը:
  Արտաքին և ներքին քաղաքականությունները սերտորեն կապվում են  միմյանց,  երբ  ներքին քաղաքական շրջանակներում ծագած հարցերը դառնում են անլուծելի և   դուրս    են     գալիս երկրի  սահմաններից:  Դրա  վառ   ապացույցներից   մեկը   սեպտեմբերի   27-ին   Հայաստան ժամանած Եվրոմիության ընդլայնման  և   հարևանության   քաղաքականության      հարցերով հանձնակատար   Շտեֆան   Ֆյուլեյի և Ժառանգություն կուսակցության վարչության գլխավոր քարտուղար     Ստյոպա   Սաֆարյանի,   Ժառանգություն    կուսակցության     խմբակցության քարտուղար    Զարուհի   Փոստանջյանի      միջև      տեղի       ունեցած      զրույցն էր:    Զրույցի ընթացքում     Ժառանգության       ներկայացուցիչները            ուշադրություն          հրավիրեցին        Հայաստանում   քաղաքական   ու   տնտեսական   կյանքի   իրական      ժողովրդավարացման, մենաշնորհների և համակարգային   կոռուպցիայի     վերացման    անհարաժեշտության   վրա: 2013        թվականի        նախագահական         ընտրությունների       ընդառաջ      կարևորվեցին    թեկնածուների       համար     մրցակցային        հավասար      պայմանների           ապահովումը,   ընտրական գործընթացի  շեշտակի բարելավումը:
  Իսկ ահա ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Շտեֆան Ֆյուեի հետ զրույցում քննարկեց Հայաստան-Եվրոմիություն հարաբերությունների անցյալն ու ապագայի հեռանկարները: Անդրադարձ եղավ նաև ԱԺ 2012 թվականի ընտրություններից հետո Հայաստանում ձևավորված ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտներում առկա խնդիրներին:
  Այս ամենը ևս նպաստում  է օտար երկրների և պետական կառույցների միջամտությանը ներքին քաղաքական կյանքին: Ինչն իր հերթին ևս կարող է թուլացնել երկրի ինքնիշխանությունը:
   Քանի որ Հայաստանը  չի դասվում զարգացած և հզոր առաջատար պետությունների շարքին, Հայաստանում դեռ չկա լիարժեք ժողովրդավարություն, Հայաստանում արտաքին, նույնիսկ ներքին հիմնախնդիրները մեծամասամբ լուծվում են պարտադիր արտերկրյա մջամտությամբ: Եվ այս ամենից կարելի է գալ այն եզրահանգմանը, որ մեր երկրում բոլոր թերությունները, որոնք հիշատակվում էին իմ հոդվածում, առողջ հասարակության զարգացման և անշահախնդիր քաղաքական լուծումների շնորհիվ, հետևաբար նաև երկրի զարգացման շնորհիվ կվերանան կամ գոնե կմինիմալացվեն:

                                                                                                                        Հեղինակ՝ Արթ Հով: